Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացավ գիտաժողով՝ նվիրված կազմակերպության հիմնադրման 21-ամյակին
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կայացավ «Դատափորձագիտական ոլորտի արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր Բյուրոյի հիմնադրման 21-ամյակին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արգամ Հովսեփյանը։ Շնորհավորելով հոբելյանական օրվա առթիվ՝ Բյուրոյի տնօրենը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին նախորդող ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի և ստացված փորձագիտական արդյունքների համար՝ ընդգծելով կազմակերպության ստանձնած առանցքային դերը հանցագործությունների բացահայտման և դատաքննչական մարմիններին օժանդակության գործում։
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ նմանօրինակ գիտաժողովները պետք է կրեն ամենամյա բնույթ՝ անցնող տարում իրականացված աշխատանքներն ամփոփելու, հետազոտությունների արդյունքում ստացված գիտական նորույթներով, մշակված նոր մեթոդներով և առաջադեմ արդյունքներով կիսվելու նպատակով։
Նա նշեց, որ մեր երկրի դատափորձագիտական ոլորտի գիտականահենք զարգացման համար չափազանց կարևոր է, որպեսզի գրանցված առաջադեմ գիտական արդյունքները պարբերաբար ներկայացվեն նաև միջազգային գիտական հարթակներում՝ Հայաստանի դատափորձագիտական բնագավառի միջազգային հեղինակության շարունակական բարձրացման և ոլորտի զարգացման ապահովման նպատակով։
Համաժողովի շրջանակներում «Բյուրոյի անցած ուղին, ձևավորված փորձագիտական հետազոտական հնարավորությունները և զարգացման հեռանկարները» խորագրով զեկույցով հանդես եկավ Բյուրոյի տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր Արամ Գահնապետյանը։
Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ անցած 21 տարիների ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոն դարձել է ոչ միայն երկրի դատափորձագիտական բնագավառի ամենախոշոր պետական կառույցը, այլև վստահելի գիտական հենարան իրավապահների, դատական համակարգի և հանրության համար։
«Մենք կատարել ենք տասնյակ հազարավոր փորձաքննություններ՝ ամենաբարդից մինչև ամենաանսպասելին։ Երբեմն թվում էր, թե անհնար է բացահայտել ճշմարտությունը, բայց մեր մասնագետները միշտ գտել են այն «մանրուքը», որը հետագայում իր ուրույն և անփոխարինելի դերն է ունեցել արդար դատավճռի կայացման հարցում։ Սա է մեր իրական ներդրումը արդարադատության իրականացման գործում՝ լուռ, երբեմն պատշաճ չգնահատված, բայց անփոխարինելի աշխատանքով։ Այսօր կարող ենք հպարտանալ ոչ միայն մեր գիտական և տեխնիկական բազայով, այլև Բյուրոյում ձևավորված աշխատանքային ջերմ մթնոլորտով՝ բոլորը մեկի, մեկը բոլորի համար աշխատելու սկզբունքով»,– նշեց Գահնապետյանը՝ երախտիքի խոսք ուղղելով նաև Բյուրոյի ստեղծման ակունքներում կանգնած փորձագետներին։
Զեկույցով հանդես եկավ նաև տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը՝ անդրադառնալով ստանդարտացման և գիտամեթոդական ապահովման կարևորությանը՝ որպես արդի դատափորձագիտական գործունեության մարտահրավերներին արձագանք։
Համաժողովին, որում ներգրավված էին Բյուրոյի փորձագիտական բոլոր ստորաբաժանումները, ներկայացվեցին արժեքավոր գիտական զեկույցներ դատափորձագիտական տարբեր ուղղությունների արդիական թեմաների վերաբերյալ, այդ թվում՝
• «Փորձագետի կողմից գիտական հետազոտական աշխատանք կատարելու փորձառության կարևորությունը և պահանջը՝ որպես հավաստի արդյունքների ապահովման գրավական»։
Զեկուցող՝ տնտեսագիտական գիտությունների դոկտոր Կ. Մամիկոնյան
• «Դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքների գնահատման առանձնահատկությունները»։
Զեկուցող՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Աղուզումցյան
• «Արտաշիրիմված դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացումը՝ համակարգչային շերտագրություն բժշկական ճառագայթաբանական հետազոտական մեթոդի կիրառմամբ»։
Զեկուցող՝ Կ. Մխիթարյան
• «Մաշվածությամբ և թերությունների առկայությամբ ոչ պարենային ապրանքների արժեքի պարզման մեթոդական մոտեցումների կիրառման առանձնահատկությունները ՀՀ-ում իրականացվող դատաապրանքագիտական փորձաքննություններում»։
Զեկուցողներ՝ Ա. Հարությունյան, Շ. Մովսիսյան
• «Հետքաբանական պրակտիկայում կիրառվող քիմիական նյութերով մշակված կենսաբանական ծագման հետքերում ԴՆԹ-ի պիտանելիության վրա ժամանակային գործոնի ազդեցության ուսումնասիրությունը հետազոտությունների իրականացման համատեքստում»։
Զեկուցող՝ Ա. Մամիկոնյան
• «Կանեփի բույսի և դրանից ստացվող թմրամիջոցների համեմատական փորձագիտական հետազոտությունը»։
Զեկուցող՝ Մ. Խաչատրյան
• «Սննդամթերքի մանրէաբանական անվտանգության վերահսկման կարևորությունն ու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում»։
Զեկուցող՝ Ս. Նիկոլյան
• «Արվեստի կառավարման և փաստաթղթավորման կարևորությունը. ստեղծագործության վանդալիզմի հետևանքով առաջացած վնասի գնահատման խնդիրները մշակութաբանական փորձաքննության շրջանակում՝ փաստաթղթային հիմքերի բացակայության պայմաններում»։
Զեկուցող՝ Գ. Հովհաննիսյան
• «Ձեռագրաբանության դերը և նշանակությունը հանցագործությունների բացահայտման պրակտիկայում»։
Զեկուցող՝ Մ. Ալոյան
• «Արյան հետքերում էկլիպսային անտիգենների հայտնաբերումը և կիրառման նշանակությունը դատակենսաբանական հետազոտությունների ժամանակ»։
Զեկուցող՝ Ս. Թառոյան
• «Հարկման տարբեր համակարգերով հարկվող տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավորությունների վերլուծության փորձագիտական հետազոտությունների առանձնահատկությունները և խնդիրները»։
Զեկուցող՝ Լ. Հարությունյան
• «Աշխատողների օրգանիզմներում թմրամիջոցների և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման նպատակով համապատասխան հետազոտությունների պարտադիր իրականացման՝ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների և միջազգային փորձի համեմատական ուսումնասիրությունը»։
Զեկուցող՝ Մ. Մելքումյան
• «Տեսաձայնագրային հետազոտություններում կիրառման նպատակով արհեստական բանականության և նեյրոնային ցանցերի ներդրման մեթոդական մոտեցումների առանձնահատկությունները»։
Զեկուցող՝ Հ. Սահակյան
• «Աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոնների կամ պահանջների խախտման հետևանքով տեղի ունեցած դժբախտ դեպքերի պատճառների և պատասխանատու անձանց շրջանակը պարզելու նպատակով կատարվող դատատեխնիկական փորձաքննությունների արդյունքների կարևորությունը տվյալ քրեական վարույթի հետագա ընթացքի լուծման համար»։
Զեկուցող՝ Ա. Բադեյան
• «Հայաստանում գործող և կոնսերվացված պոչամբարների վնասակար ազդեցության հետազոտությունն ու գնահատումը, հնարավոր ռիսկերի վերլուծությունը»։
Զեկուցող՝ Լ. Հայրապետյան
• «Գործարքունակությունը դատահոգեբուժական տեսանկյունից»։
Զեկուցող՝ Ա. Գևորգյան
• «Պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնում կատարվող փորձաքննությունների ոլորտների արդի վիճակը, զարգացման հիմնական միտումներն ու հեռանկարները»։
Զեկուցող՝ Դ. Մելքումյան
• «Հրազենային վնասվածքների պատճառման մեխանիզմի պարզման առանձնահատկություններն ու կարևորությունը՝ ըստ ձգաբանական և դատաբժշկական փորձագիտական հատկանիշների համալիր վերլուծության»։
Զեկուցող՝ Վ. Հովհաննիսյան
• «Տրանսպորտային միջոցների արգելակման ուղու հաշվարկի առանձնահատկությունները դատաավտոտեխնիկական փորձաքննություններում»։
Զեկուցող՝ Դ. Դալլաքյան
• «Մնացորդային մեթոդի կիրառմամբ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի չափի պարզման հիմնախնդիրները»։
Զեկուցողներ՝ Ա. Հակոբյան, Գ. Թավադյան, Կ. Նազարյան
• «Հետքաբանական փորձաքննություններում ճանապարհատրանսպորտային պատահարների՝ վթարների և վրաերթերի մեխանիզմների պարզման ընթացքում կիրառվող արդի մեթոդաբանության կատարելագործմանն ուղղված արդյունավետ ուղիների մշակում»։
Զեկուցող՝ Հ. Հակոբյան
• «Լազերային 3D սկանավորման կիրառության հնարավորությունների վերլուծությունը կառույցների տեխնիկական վիճակի փորձագիտական հետազոտական աշխատանքների շրջանակներում»։
Զեկուցող՝ Գ. Ենգիբարյան
• «Գաղտնաբառերի վարքաբանական տրամաբանությունը թվային ֆորենսիկայում. տեղական առանձնահատկությունները և կանխատեսման մեխանիզմները»։
Զեկուցող՝ Ա. Ադամյան:
Փորձաքննությունների ազգային բյուրոն մշտապես կարևորում է նմանատիպ գիտական միջոցառումների կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի բոլոր ուղղությունների համաչափ և ներդաշնակ զարգացման ապահովմանը, գիտականորեն հիմնավորված և հավաստի փորձագիտական արդյունքների տրամադրման համար անհրաժեշտ ներուժի ձևավորմանն ու արդարադատությանը պատշաճ օժանդակության միջոցով օրենքի գերակայության ապահովմանը:
24 October 2025






.jpg)